Հին աշխարհը չեմ տեսել, բայց թողել է նա մի հետք…

Armenpress 09:10, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Դաշտային հետազոտական աշխատանքների համար հատուկ սարքավորումներ շատ քիչ են լինում: Միայն, ասենք, առանց փորելու` գեոմագնիսական մեթոդներով կարելի է ստուգել, թե հողի շերտերի տակ ի՞նչ կա, որպեսզի ուղղորդվես աշխատանքի ընթացքում: Նման բան կա, իհարկե: Սակայն, ընդհանուր առմամբ, հնագիտությունը եղել է, կա և մնալու է շատ խնամքով, ձեռքով հողը հեռացնելու միջոցով աշխարհը ճանաչելու գիտություն:

Իսկ փաստագրման համար արդեն կան լազերային միջոցներ, դրոնային համակարգ, որպեսզի ամենը քարտեզագրվի, ու ողջ իրավիճակը, ամեն դետալ՝ իր տեղում, երևա: Եվ ասեմ, որ այս միջոցներն առանձնապես արտառոց բաներ չեն:

Այլ բան է արդեն հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունը, որի համար անհրաժեշտ են բոլորովին այլ պայմաններ, քան, ասենք, այն, ինչ ներկայումս ունենք: Օրինակ՝ հնագիտության մեր ինստիտուտում ընդամենը կաբինետներ չպետք է լինեն աշխատակիցների համար, պետք է լինեն լաբորատորիաներ: Նաև պետք է լինեն ընդարձակ սենյակներ` ընդարձակ սեղաններով, որպեսզի նյութը հնագիտորեն նկարագրվի: Կամ վերականգնվի ռեստավրատորի կողմից:

Իսկ մենք չունենք նախ և առաջ շենքային պայմաններ: Մինչդեռ իզոտոպային անալիզից առաջ նյութը պետք է անցնի մշակման և ուսումնասիրման երկար փուլ:

Եթե մենք ունենանք մեր կենսամիջավայրի իզոտոպային անալիզների արդյունքները, ապա առանձին մարդու կամ կենդանու մնացորդների իզոտոպային անալիզներով արդեն կարող ենք ասել, օրինակ, թե տվյալ կենդանին որտե՞ղ է կերակրվել` Արաքսի՞ ափին, Քռի՞ ափին, Սևանի՞ մոտ, կամ` ի՞նչ բլուրի վրա և այլևայլ մանրամասներ: Եվ ես կարող եմ անգամ ասել, թե տվյալ մարդը մինչև տաս տարեկան հասակը որտեղ էր ապրում, տասից մինչև մեկ այլ տարիք` որտեղ: Անգամ կարող ենք որոշել, թե որտեղից են հարս բերել: Հաճախ ենք պարզել, որ կանայք տարբեր տեղերի սնունդ են կերել, իսկ տղամարդիկ` միևնույն տեղի:

Հին աշխարհը վերականգնելու գիտությունը հենց սա է, այս ճանապարհով կարելի է այն վերականգնել: Վերականգնել փաստի մակարդակով և ոչ թե ենթադրությունների»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am