ՀՀ-ի ու Միացյալ Թագավորության խորհրդարանական բարեկամական խմբերի միջև կկազմակերպվի առցանց հանդիպում

Armenpress 19:05, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկվար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել հանդիպումից: 

«Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում»,-նշել է Լիլիթ Մակունցը։

Նրա տեղեկացմամբ, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարևորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում բարեփոխումներին առնչվող հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am