1000х90.jpg (78 KB)

ՀՀ նախագահը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

Armenpress 12:21, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեծ վաստակ ունի Ղազախստանի զարգացման, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության մեջ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am