Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

Armenpress 12:12, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես, մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ դրության առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն։

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․

 

794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն), 231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն, 114 դիմում-բողոք՝ ֆինանսական դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների վերականգնմանը, 78 դիմում-բողոք՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին, 57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբերլինելու հետ, 29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման և տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ, 23 դիմում-բողոք՝ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am