1000х90.jpg (78 KB)

ԲԸՏՄ-ն Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չի արձանագրել

Armenpress 18:39, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ հուլիսի 5-ին շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում կիրակնօրյա հանգիստը կազմակերպողների շրջանում նույնպես խախտումներ չեն հայտնաբերվել։

Շրջայցի ընթացքում աշխատանքային խմբի կողմից կատարվել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Ուշադրության կենտրոնում են եղել դիմակները ճիշտ չկրող անձինք, որոնց տրվել են սահմանված կանոնները պահպանելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների հորդորով արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված կանոնները չկատարող՝ դիմակ չկրող 2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am