Զատուլինը՝ մզկիթը Սուրբ Սոֆիա վերադարձնելու փորձի մասին. Անկարան ցանկանում է մեզ հետ բերել Միջնադար

Armenpress 16:59, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահ, ՌԴ I, IV, V, VII գումարման Պետական դումայի  պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է տարածել մզկիթը Ստամբուլի Սուրբ Սոֆիա (Կոստանդնուպոլիս) վերադարձնելու Թուրքիայի իշխանությունների փորձի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զատուլինի կարծիքով, այդ քայլով «Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մեզ հետ բերել Միջնադար»։

Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տվել փոխել Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարի  թանգարանային կարգավիճակը։ Այդպիսով ակնհայտ է, որ այդ կերպ անպիտան փորձ է արվում բարձրացնել որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) վրա, կրկին հիշեցնել հազարամյա բյուզանդական քաղաքակրթության կոտորածի սարսափի մասին, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց:

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս, Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի իշխանությունները, այնպիսի տպավորություն է, որ ցանկանում են մեզ վերադարձնել Միջնադար։ Ես բացասական եմ վերաբերվում ռեմեյքերին նույնիսկ կինոյում. պատճենը միշտ բնօրինակի համեմատ թերի է: Բայց այստեղ խնդիրը ճաշակը չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանային կարգավիճակում, մնում է ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը։ Այն հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաներին, քանի որ այստեղ է, որ Մկրտություն է ստացել Սուրբ իշխանուհի Օլգան, այստեղ Սուրբ իշխան Վլադիմիրի դեսպանները տեսան «Երկինքը Երկրի վրա», ապա համոզելով նրան ընդունել հենց Ուղղափառությունը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի կազմում եմ ավելի քան 10 տարի, հրապարակել է իր հայտարարությունը (https://eiao.org/archives/17377). Ես միացա այդ բողոքին, որն արտահայտվեց շատ դիվանագիտական ձևով։

Չեմ կարող, այնուամենայնիվ, չնշել այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի շուրջ իրադարձությունների զարգացման համար պատասխանատվության իր բաժինը կրում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը, 2018 թվականին խրախուսելով Ուկրաինայում եկեղեցական պառակտումը եւ դրան լեգիտիմության տեսանելիություն տալով, դաժան հակամարտության մեջ է մտել Ուղղափառ աշխարհում խոշորագույն Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: Այժմ մենք քաղում ենք Ուղղափառության պառակտման նոր պտուղները։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը ՝ որպես Ուղղափառ աշխարհի խոշորագույն երկիր, ուղղափառ Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական ժառանգորդ։ Ուզում եմ հավատալ, որ ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չի հասցվի XXI դարում VI դարի քրիստոնեական ժառանգությունը կրկին յուրացնելու անխոհեմ փորձի պատճառով»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am