ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրային լողափերը տեսչական մարմնի վերահսկողություն տակ են

Armenpress 17:40, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում:

«Արմենպրես»-ին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ  կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am