Ոստիկանությունը մեկ օրում հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 3028 դեպք

Armenpress 15:18, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 65233 արձանագրություն, իսկ հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք»,-տեղեկացնում են ոստիկանությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am