Արցախի նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ

Armenpress 20:28, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա»,- նշել է նախագահը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այդ մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսվել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am