1000х90.jpg (78 KB)

Վերակառուցված այգի, բազմաֆունկցիոնալ կենտրոն.Երևանում 10 մլն դոլար արժեքով ներդրումային ծրագիր կլինի

Armenpress 09:50, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 49/9 հասցեում կյանքի կկոչվի նոր նախագիծ, որը ենթադրում է տեղի պուրակի վերակառուցում, կանաչ տարածքի վերականգնում, բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Այժմ իրականացվում են քանդման աշխատանքներ, ապամոնտաժվել է մոտ 30 կրպակ: Նախագծի գլխավոր ճարտարապետը ճարտարապետության թեկնածու, միջազգային մրցանակների դափնեկիր Տելեմակ Անանյանն է։ 

Նախագծի շրջանակում, արդեն վաղուց անտեսված պուրակն ամբողջությամբ նոր տեսք է ունենալու: Նախագծի գլխավոր ճարտարապետի խոսքով, նախ խնամելու են, էտելու են, նոր տեսքի են բերելու գոյություն ունեցող ծառերը: 

«Այդտեղ կան բավական շատ բաց հողակտորներ, որոնք պետք է լրացվեն: Նախատեսվում է շուրջ 5 հազար տարատեսակ բույսերի, բուսատեսակների, ծառերի, թփերի տնկում: Կլինեն բազմապիսի ծաղիկներ, վարդեր, մագլցող վարդեր և այլն: Այդ տարածքում կառուցվելու է շատրվան, ամֆիթատրոն: Այն կտրմադրվի համերգային, թատերական երիտասարդ խմբերին, որոնք հանդես կգան այգու այցելուների համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տելեմակ Անանյանը:

Նախագծի հաջորդ կարևոր հատվածը բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցումն է: Այդ հատվածում գտնվող ներկայիս «Արաբկիր» հանրախանութը և հարակից մանրածախ և ազատ, չօգտագործվող կիսակառույցները նախագծվել և կառուցվել են 2002 թվականին։ Կառույցը մեկ հարկանի է, Կոմիտասի պողոտայի կողմից ունի մոտ 5 մետր բարձրություն, իսկ հակառակ կողմից՝ ռելիեֆի բնական թեքության հաշվին, կառույցը գրեթե ամբողջովին թաղված է հողի տակ։ Շինությունը հյուսիսային մասում ունի նկուղային հարկ։ Նախատեսվում է գոյություն ունեցող կիսակառույցը վերցնել մեկ ամբողջական վեղարի տակ։ Մեկ ծածկի տակ համախմբվելու են բազմաֆունկցիոնալ կենտրոնի բոլոր տիպի սպասարկման հատվածները՝ ապահովելով ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր, հարմար ժամանցի, սննդի, ցուցահանդեսների, առևտրի, երիտասարդների և երեխաների զարգացման և զվարճանքի համար։

«Բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնական շեշտադրումը դրված է գաստրոնոմիայի վրա՝ խոհանոց, ուտեստներ, ճաշատեսակներ: Կներկայցվեն թե հայկական, թե աշխարհի տարբեր երկրների սիրված խոհանոցները, կլինեն արագ պատրաստվող սննդատեսակներ: Ակնկալում ենք ներկայացնել Հայաստանում առկա ալկոհոլային խմիչքներ արտադրողներին: Մենք գիտենք, որ 200-ից ավելի գինի արտադրող ունենք, չհաշված տնական գինիները, դրանից բացի, գարեջրերը, օղիները և այլն: Արտադրողներին կտրամադրվեն համապատասխան տաղավարներ, որտեղ նրանք կկարողանան թե ցուցադրել սեփական արտադրանքը, թե համտեսի հնարավորություն ստեղծել, թե իրականացնել մանրածախ, մեծածախ վաճառք: Այսինքն՝ խմիչքների ու ուտեստների մշտական ցուցահանդես է լինելու: Կենտրոնը կլինի հետաքրքիր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար»,-ասաց Տելեմակ Անանյանը: 

Այդ հատվածում լինելու է բավական մեծ համերգային բեմահարթակ: Մրգերի, բանջարեղենների, խմիչքների, ուտեստների ցուցադրությունն ուղեկցվելու է համերգներով, երաժշտությամբ: Կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ ամանորյա սուրբծննդյան և այլ առիթների հետ կապված: Կառույցի հետնամասում մոտ 60-70 մետր հատված լինելու է ապակեպատ, այդտեղից մուտք է բացվելու դեպի այգի: Այնտեղ կլինի փոքր հրապարակ, որը նույնպես նախատեսվում է օգտագործել փառատոնների, միջոցառումների, համերգների համար: Կառույցի արդեն ներքևի՝  կիսանկուղային հարկում կլինեն բուտիկներ, վաճառասրահներ, սակայն թեմատիկային համահունչ: 

Այժմ մշակման փուլում է նախագծի այն հատվածը, ըստ որի, համալիրն ունենալու է մանկական զարգացման ու զվարճանքի կենտրոն: 

«Կգործի մանկակակ սրճարան, կլինեն խանութներ, վաճառքի ներկայացված կլինեն երեխաների համար նախատեսված ձեռագործ աշխատանքներ: Նախատեսված են բազմաֆունկցիոնալ դահլիճներ մարզվելու, պարի, երգի, նկարչության, քանդակագործության, ծրագրավորման՝ ռոբոտային տեխնիկայի դասարաններ»,-ասաց ճարտարապետը: 

Նախագծի բուն շինարարական աշխատանքները նախտեսվում է սկսել 2021 թվականի գարնանից: Նախագծի հեղինակը «ԻԹԱԿԷ 999» ընկերությունն է` տնօրեն Տելեմակ Անանյանի գլխավորությամբ, հեղինակային կազմում է նաև ճարտարապետ Հայկ Մարտիրոսյանը: Ճարտարապետներն են Արմեն Հյուսիսյանը, Մարտինա Ջովաննի Ռոտիլիոն, ՆվԷր Մուրատեանը:

Տելեմակ Անանյանը նշեց, որ նախնական հաշվարկով 10 միլիոն դոլար արժեքով ծրագիրն իրականացվում է ամբողջությամբ մասնավոր ներդրումների հաշվին, ներգրավված են ներդրումներ նաև արտերկրից: 

Արաբկիրը սկզբնապես եղել է առանձին բնակավայր, որի համար 1929թ. Ալ. Թամանյանի կողմից մշակվել է գլխավոր հատակագիծ: Ըստ այդ նախագծի՝ Արաբկիրն իրենից ներկայացնում էր առանձին, անհատական տներով կազմակերպված քաղաքաշինական միավոր: Այն տեղակայված էր ներկայիս համայնքի կենտրոնական մասում, ուներ կենտրոն, օղակաձև զբոսայգի, երկրորդական կենտրոններ և շրջապատված էր ծառաստանով: 1938թ. գլխավոր հատակագծի առանձնահատուկ գաղափարներից է Հյուսիսային առանցքի շեշտումը, որի միջոցով կանաչ գոտին միանում է ձորի համակարգին։

Այս նոր նախագծի շրջանակում գործ ունեն Հյուսիսային առանցքի գագաթային մասի հետ, որը քաղաքի կարևորագույն «երակներից» մեկն է: Խոսքը Կոմիտասի պողոտայի և բուլվարի հատման հանգույցի վերնամասում և գիտահետազոտական 4 բարձրահարկ կառույցների առաջնամասում գտնվող հատվածի մասին է։ Հյուսիսային առանցքի գաղափարի հիմքում դրված հիմնական թեմաներից է ստեղծել ուժեղ, վառ արտահայտված ճարտարապետությամբ քաղաքի գերիշխող, դեպի հարավ բացվող և Երևանի քաղաքաշինական միջավայրի համար որպես կողմնացույց ծառայող առանցք, որն իր հերթին կկատարի քաղաքաշինական ցանցում իրեն հատկացված «ողնաշարի» դերը: 

Հեղինակների առաջ կանգնած էր խնդիր՝ ստեղծել ճարտարապետություն, որը կբավարարի քաղաքացիների թե ֆունկցիոնալ, թե էսթետիկ պահանջները։ Այն իր կերպարով պետք է իրականացնի երկու առաքելություն՝ համապատասխանի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոններին ներկայացվող պահանջներին, նրանց գործնական, հասարակական գործառույթին, ինչպես նաև ունենա Հյուսիսային առանցքի այս հանգույցը շեշտադրելու, ակտիվացնելու միտում:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am