1000х90.jpg (78 KB)

Վարձավճարների նվազում, հողերի նկատմամբ հետաքրքրություն. ինչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում

Armenpress 09:15, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժ գույքի գործակալություններն առաջինն են զգացել կորոնավիրուսի ազդեցությունը շուկայի վրա: Տարբեր գործակալություններ նկատել են տարբեր միտումներ, բայց գրեթե բոլորը միաբերան են՝ գործարքների թիվը միանշանակ պակասել է, բնակարանների գների առումով, սակայն, տարբեր գործակալություններ տարբեր միտումներ են նկատել, որոշները նշում են, որ գները նվազել են մոտ 5 տոկոսի չափով, ոմանք կարծում են՝ գնանկում չկա: Որոշներն անգամ նկատում են նաև, որ առաջնային շուկայում, այսինքն` հենց կառուցապատողից ձեռք բերվող բնակարանների, շենք-շինությունների գները ոչ միայն չեն նվազել, այլ նաև շարունակում են բարձրանալ: Ոմանք անգամ արտակարգ դրության ընթացքում նկատել են գյուղատնտեսական հողերի նկատմամբ հետաքրքրության բարձրացում: 

«Արմենպրես»-ի հետ զրուցած անշարժ գույքի բոլոր գործակալությունների ներկայացուցիչները վստահեցրին՝ գործարքները կտրուկ նվազել են: «Սվիթ հաուս ռիելթի» անշարժ գույքի գործակալության ադմինիստրատիվ բաժնի ներկայացուցիչ Հերմինե Գիլասարյանն օրինակ նշեց. «Երեք ամսվա կտրվածքով 1 հատ գործարք ենք ունեցել՝ նախկինից մնացած առուվաճառքի գործարք, իսկ մյուս ամիսներին ամենաքիչը գոնե 2-3 հատ ունենում էին»:

Նրա խոսքով՝ բնակարանների գնանկում նկատել են հատկապես վերջին մեկ ամսում՝ մոտ 5 տոկոսի չափով: Սակայն մեկ այլ գործակալությունում կորոնավիրուսի օրերին անշարժ գույքի գնանկում չեն նկատել:  «Վաճառքի պահով գների անկում չեմ նկատել, գները նույնն են, անհատական կարող են լինել որոշակի իջեցումներ, սակայն գլոբալ առումով գնիջեցում չկա, միայն վարձի գներն են իջել՝ կապված պահանջարկի նվազման հետ»,-ասաց «Կոմպակտ Ռիելթի»  գործակալության հիմնադիր տնօրեն Էդգար Թամեյանը:

«Նոր տուն» անշարժ գույքի և գնահատման գործակալության հիմնադիր տնօրեն Վլադիմիր Հարությունյանը ևս նշեց, որ մարտի կեսերից հետո, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մոտ 2 ամիս ոչինչ չի եղել: «Մենք ոչ մի գործարք չենք արել, զանգ էլ չի եղել, որ գործարք անենք: Անշարժ գույքի երկրորդական շուկայում հետաքրքրվածությունը, գործարքների թիվը բնականաբար նվազել է»,-ասաց նա ու նշեց, որ սակայն առաջնային շուկայում, այսինքն` կառուցապատողից ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ գործարքների նվազում չունեն:

Այս գործակալությունը նորակառույցների մասով հիմնականում խնդիր չի տեսել: Նա նկատեց, որ նորակառույց բնակարաններով հետաքրքրվողներ, եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվող գնորդներ կան: «Նորակառույցների մասով գործարքները ինչպես եղել են, այդպես էլ կան: Մարդիկ ամրագրումներ էին արել, որով պետք է հիփոթեքներ ձևակերպեին, 1 հոգի է ընդամենը, որ ֆինանսական վիճակի պատճառով հրաժարվել է այդ տունը գնելուց: Մնացածը բոլորը պատրաստակամ են»,-ասաց Հարությունյանը:

Նա կարևորեց, որ եկամտային հարկի վերադարձի օրենքը մնա ու աշխատի, որպեսզի առաջնային շուկայում գործերը չկանգնեն: «Քանի որ օրինական երկիր ենք դառնում, մարդիկ իրական աշխատվարձերը ցույց են տալիս, եկամտային հարկն ավելի բարձր է լինում: Իսկ երբ եկամտային հարկը բարձր է, ձեռնտու է այդ օրենքով տուն առնել: Դրա համար շուկան այդ առումով ակտիվացել է»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նորակառույց շենքերը միշտ թանկանալու միտում ունեն, սակայն կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, եղել են շինարարական կազմակերպություններ, որոնք թանկացումներ չեն արել, գինը թողել են նույնը: Սակայն Հարությունյանի խոսքով, կան շենքեր, որոնց քառակուսի մետրի արժեքը 100 դոլարով բարձրացել է սահմանափակումների վերացումից հետո, մասնավորապես հունիսին: 

Կադաստրի պետական կոմիտեի կողմից գնային փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տվել եզրակացնել` 2020 թվականի մայիսի դրությամբ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2020 թվականի ապրիլի համեմատ նվազել են 1 տոկոսով, իսկ 2019 թվականի մայիսի համեմատ աճել՝ 11.9 տոկոսով: Երևանում այս տարվա մայիսին իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի 344 գործարք, որը ապրիլի համեմատ աճել է 84 տոկոսով, իսկ 2019-ի մայիսի համեմատ նվազել 61.2 տոկոսով: Թվերի տարբերությամբ՝ նույն միտումն է գրանցվել նաև մարզերում: 

«Նոր տուն» անշարժ գույքի և գնահատման գործակալության հիմնադիր տնօրենը նկատել է, որ նվազել են ոչ բնակելի տարածքների վարձավճարները: «Եթե նախկինում տարեկան եկամտաբերությունը 6 տոկոս էր, այսինքն` ամսական 0,5, հիմա այդ հարաբերակցությունն իջել է 0,4-ի, տարեկան 4,8-5 տոկոս: Անշարժ գույքի գինը դանդաղ իջնում է, արագ բարձրանում, այդ դեպքում վարձակալությունները շատ արագ են զգում»,-ասաց նա ու նշեց՝ շատ սեփականատերեր վարձավճարների առումով զիջումներ, զեղչեր են արել: 

Սակայն կան նաև չեղարկված պայմանագրեր: Շատերը խուսափում են նոր ընկերություններ, կազմակերպություններ բացելուց, հետևաբար նաև տարածքներ վարձակալելուց: 

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով 2020 թվականի մայիսի դրությամբ վարձակալության գործարքների թիվը եղել է 809՝ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակում գրանցվել էր վարձակալության 1094  գործարք, սակայն 2020-ի ապրիլի համեմատ 2020-ի մայիսին գրանցված վարձակալության գործարքների թիվն աճել է 7.8 անգամ:

Կոմիտեի տվյալներով` ընդհանուր առմամբ այս տարվա մայիսի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 11 հազար 507 գործարք, սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակում գործարքների թիվը 15 հազար 956 էր, այսպիսով գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 27.9 տոկոսով: Սակայն 2020 թվականի ապրիլի համեմատ 2020-ի մայիսին արձանագրված գործարքների թիվն աճել է 4 անգամ: 2020 թվականի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 3816 օտարման գործարք՝ 2019-ի 5708-ի համեմատ: 2020 թվականի մայիսի օտարման գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 50,9 տոկոսը կամ 1944 գործարք, գրանցվել է հողերի, իսկ առավել ցածր՝ 1,4 տոկոսը կամ 55 գործարք՝ արտադրական նշանակության շինությունների նկատմամբ: 2020 թվականի մայիսի դրությամբ գրանցվել է առուվաճառքի 2925 գործարք, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 28.7 տոկոսով, իսկ 2020 թվականի ապրիլ ամսվա համեմատ աճել է 3 անգամ: Ընդ որում 2020-ի մայիսին գրանցված առուվաճառքի գործարքների ամենաբարձր տոկոսաչափը ՝ 54,3 տոկոսը կրկին եղել է հողերի նկատմամբ: 

«Նոր տուն» անշարժ գույքի և գնահատման գործակալության հիմնադիր տնօրեն Վլադիմիր Հարությունյանը նկատել է, որ կորոնավիրուսի ընթացքում սկսել են ակտիվանալ գյուղատնտեսական հողերի նկատմամբ գործարքները՝ ընդ որում այգիների հիմնման, խոշոր և մանր եղջերավորների հետ կապված ծրագրերի շրջանակներում: «Մարդիկ, որ նույնիսկ կապ չունեին գյուղատնտեսության հետ, հաշվի առնելով կորոնավիրուսը և աշխարհում տիրող իրավիճակը և գիտակցելով, որ մի օր էլ կարող է աշխարհով մեկ լինել պարենային մթերքի կրիզիս, սկսեցին հետաքրքրվել հողեր գնելով: Սա ակտիվացավ հենց կորոնավիրուսի շրջանում»,-նշեց նա:

«Կոմպակտ Ռիելթի»  գործակալության հիմնադիր տնօրեն Էդգար Թամեյանը ևս նշեց, որ հողերի մասով աշխուժություն կա, սակայն նա դա նկատել է դեռ անցյալ տարվա վերջերից՝ թե կառուցապատուղների կողմից, թե պարզապես մարդկանցից, որոնք ուղղակի ուզում են տուն կառուցել: «Գյուղատնտեսական նշանակության հողերը գնում են, հետո նշանակության տիպը փոխում, բնակելի դարձնում»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am