«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախը 2021 թվականին կունենա երկնիշ տնտեսական աճ

Armenpress 21:37, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ներկայացրել է հունիսի 29-ին հրապարկված Արցախի նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթները: Ա. Հարությունյանն ասել է, որ Արցախի համար կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը. «Բանակը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից ու հնարավորությունից: Մենք ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը և 1-2 տարի հետո լուրջ առաջընթաց կարձանագրենք այդ ուղղությամբ: Այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, շարունակվելու է»:

Նրա խոսքով՝ ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով: ԱՀ նախագահը հայտնել է, որ առաջիկա 5 տարվա համար երկրի համար տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոս:

«Ուզում եմ վստահեցնել, որ դա գերակատարվելու է: 2020 թվականի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ամբողջ աշխարհում էլ, մեզ մոտ էլ տարածված է կորոնավիրուսային հիվանդությունը, և այն ազդում է տնտեսության վրա: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ: Ծրագրում նշել եմ տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու: Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման բնագավառներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ իրենք պետք է փորձեն ճիշտ իրականացնել վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականությունը, ինչը թույլ կտա լուծել աշխատուժի խնդիրը»:

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am