Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ․ ԲԸՏՄ

Armenpress 21:16, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ուստիկանության աշխատակիցները հուլիսի 2-ին խստացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, երկրորդ օրն անընդմեջ Էրեբունի վարչական շրջանում իրականացվող դիտարկումների արդյունքում արձանագրվել են նույն խախտումներն ու թերացումները։ Վարդավառի լճի հարակից տարածքում, հանգստի գոտիներում քաղաքացիները հիմնականում շարունակել են սխալ կրել դիմակները, նաև կուտակումներ են արձանագրվել բացօթյա տաղավարներում, որտեղ նաև չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Տեսչական մարմնի աշխատանքային խումբն անհատական խորհրդատվության ընթացքում քաղաքացիներին բացատրում է ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների խստորեն պահպանելու կարևորությունը, տրամադրում մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, ինչպես նաև տալիս ցուցումներ համավարակի տարածումը կանխելու, շրջապատի և սեփական առողջությունը չվտանգելու  նպատակով՝ դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու, միմյանցից հեռավորություն պահպանելու մասին։

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ուժեղացված ամենօրյա  ստուգայցերն իրականացվում են ամբողջ հանրապետությունում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am