ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում. հայտնաբերել է խախտումներ

Armenpress 20:30, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական գործառույթներ կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ հւլիսի 2-ին իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ, իսկ տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դիմակի վարորդներ:

Արձանագրված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

«Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, հայտնաբերված որոշ թերությունների դեպքերում տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները շտկելու և ՀՀ պարետի որոշումներին խստագույնս հետևելու նպատակով։

Նշենք, որ հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները կրելու են ամենաօրյա և շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am