Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Armenpress 18:46, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:

Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am