Սեւան քաղաքում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ

Armenpress 17:53, 2 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի բազմաբնակարան շենքեր տանող բակային 5 ճանապարհ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի   զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական արժեքը 151 միլիոն 125 հազար  դրամ է, որի 60 տոկոսը կամ 90 միլիոն 675 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 60 միլիոն 400 հազր դրամը՝ Սեւանի համայնքապետարանը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է:

«Սևան քաղաքի 5 բակային տարածքներն ընտրվել են` հաշվի առնելով այդ տարածքներում բնակվողների թվաքանակը, մարդկանց եւ ավտոմեքենաների երթեւեկությունն ու շարժը, բակերի առկա տեխնիկական վիճակը: Սեւան համայնքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա եւ Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը կապահովեն այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ: Շենքերի բակային տարածքները եղել են ասֆալտբետոնե ծածկույթով եւ բազալտե եզրաքարերով բարեկարգված: Տասնամյակների ընթացքում ասֆալտբետոնե ծածկույթը քայքայվել է, կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, հարթեցվել են տարբեր տեսակի գրունտներով, որի պատճառով ծածկի նիշը բարձրացել է, եւ որոշ հատվածներում եզրաքարերը մնացել են լիցքի տակ: Առաջնահերթություն ներկայացնող այս ծրագրի իրականացմամբ Սեւան քաղաքի 5 բակային տարածքներում կապահովվի բարեկարգ եւ ներկայանալի տեսք, որը միաժամանակ հարմարավետության, անվտանգության երաշխիք է:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am