«Երևանյան բեսթսելեր». Շարմայի գիրքը կրկին առաջին տեղում է. փաստավավերագրական, մայիս, 2020

Armenpress 10:42, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երկրորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Երրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» չորրորդ տեղում է: Այս գրքում մեծ շանսոնյեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում եւ ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում եւ քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։

Հինգերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» վեցերորդ տեղում է: Գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։

Յոթերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ գործնական խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել երիտասարդ սերունդը, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Ութերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» իններորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Տասներորդ տեղում է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Այն թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ մայիսի վաճառքների:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Newmag 358 2 0

Միշել Օբամա

«Իմ պատմությունը»

Newmag 88 3 0

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 42 4 նոր

Շառլ Ազնավուր

«Վերջին դուռը» 

Newmag 33 5 *

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 32 6 *

Դեյվիդ Ալեն

«Ինչպես հասցնել բոլոր գործերը»

Newmag 25 7 *

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 21 8 -1

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 20 9 0

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 20 10 *

Շառլ Ազնավուր

«Կյանքից կառչած»

Newmag 20


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am