Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը

Armenpress 16:05, 2 Հուլիս, 2020

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմեւլու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2 650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից,  ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը:

Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսի 6­ին, որից հետո կմեկնարկի շինարարությունը եւ կավարտվի առաջիկա երեք ամսում:

«Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7 150 մետր, որից 4 500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2 650 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված է: Այս ծրագիրն էլ ուղղված է հենց այդ խնդրի կարգավորմանը: 1 400 մետր երկարությամբ հիմնանորոգվելու է արտաքին ցանցից սնվող եւ դեպի օրվա կարգավորիչ ջրամբար գնացող մղման գիծը, եւս 1 250 մետր էլ՝ ջրամբարից թաղամասը սնող գիծը: Այն հատվածներում, որտեղ նախկինում հիմնանորոգել ենք ներքին ցանցը, արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը: Վերին թաղամասի տնտեսություններում ջրամատակարարումը այս ծրագրով կբարելավվի, սակայն այստեղ շուրջօրյա ջրամատակարարման հասնելու համար հարկավոր է Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում իրականացնել վերակառուցման եւ ջրաքանակի ավելացման աշխատանքներ, ինչը ծրագրել ենք կատարել եկող տարվա ընթացքում, սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակում: Դրանից հետո միայն համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման»,- նշեց համայնքի ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am