Խոտի բերքահավաքը մեկնարկել է անբավարար արդյունքներով

Armenpress 15:58, 2 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մեկնարկել է խոտի բերքահավաքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, բերքահավաքը սկսվել է Ճամբարակի եւ Վարդենիսի տարածաշրջանների ցածրադիր գոտիների ցանովի խոտհարքերում: Համայնքներից ստացված տվյալների համաձայն՝ բերքահավաքի արդյունքները սպասվածից շատ ցածր են:  «Մեկ հեկտարից ստացվում է հազիվ 1-1,2 տոննա անասնակեր, որը երկու-երեք անգամ պակաս է սպասվածից: Արդեն մեր համայնքներում հարյուրավոր հեկտարներ հնձվել են, եւ որեւէ տեղ բարձր արդյունք չկա: Հիմնական պատճառը եղանակային անպարենպաստ պայմաններից է բխում: Նաեւ մենք պետք է մտածենք բազմամյա խոտաբույսերի ավելի բարձրորակ սերմացուներ ներկրելու մասին: Վիճակն այդքան էլ բարվոք չէ բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում, սակայն այդ գոտիներում բերքահավաքին դեռեւս մեկ ամիս ժամանակ կա, ուստի հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի: Ամեն դեպքում, տարին նպաստավոր չէ առատ անասնակերի կուտակման համար»,- իրավիճակը ներկայացրին Մեծ Մասրիկի եւ Գեղամասարի համայնքապետարաններից: «Անասնակերի ցածր բերքատվությունը պայմանավորված է գարնան եւ ամռան ամիսներին գրանցված գիշերային ցրտերով, որոնք, իմիջիայլոց, դեռ գրանցվում են հուլիսի առաջին երկու օրվա ընթացքում: Գարնանային չոր եղանակները եւս աննպաստ եղան, և անասնապահությանը հեշտ տարի չի սպասում: Եթե բնական խոտհարքերում դրական փոփոխոթւյուն լինի այս ընթացքում, կարելի է ինչ-որ լավ բան ակնկալել»,- նշեց  Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am