«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առարկայական բանակցությունները՝ միայն խաղաղ պայմաններում

Armenpress 09:30, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունիսի 30-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։ Այն երկրորդն էր կորոնավիրուսի համավարակից հետո, առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարեւոր տեղ էր հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետությանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «վերջին սադրիչ հայտարարություններից» եւ «ռազմատենչ հռետորաբանությունից» զերծ մնալու մասին խոսքերի հասցեատերը Ադրբեջանն է․ «Բոլորս քաջ գիտենք, որ հայկական կողմերից ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախի Հանրապետությունը նմանատիպ հայտարարություններով երբեք հանդես չեն եկել։ Այդ կոչերը վերաբերում են բացառապես Ադրբեջանին։ Հասկանալի է, որ առանց համապատասխան միջավայրի հնարավոր չէ առաջ գնալ բանակցային գործընթացում»,- ընդգծեց նա։

Հայտարարության մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են մթնոլորտի առողջացման վերաբերյալ թեզի մասին, որն առաջ է քաշվել հայկական կողմից։ Փաստացի այս հայտարարությունը, դրան նախորդող բազմաթիվ հայտարարություններ նույնպես փաստում են, որ հայկական կողմի ներկայացրած օրակարգային հարցերն ընդունելի են միջազգային գործընկերների համար»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am