Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում գնված դեղորայքի առաջին չափաբաժինը ՀՀ-ում է

Armenpress 14:25, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am