1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն ընդունեց հանրաքվեն չեղարկվող որոշման նախագիծը

Armenpress 12:48, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ որոշման նախագիծը խորհրդարանի հունիսի 30-ի նիստում ստացավ 81 կողմ ձայն: 

«Իմ քայլը»-ից  Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ փաստացի նման որոշում կայացնելու իրավական հիմքը ստեղծող ԱԺ կանոնակարգի փոփոխությունն ուժի մեջ է մտնել հունիսի 25-ից: «Երբ մենք ԱԺ կանոնակարգի փոփոխությունների փաթեթը քննարկում էինք, այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե հենց այդ ժամանակ հանրաքվեն չեղարկվել է: Սակայն մենք այդ ժամանակ գործնականում իրավական գործիքակազմն էին ստեղծում, որով հնարավոր կլիներ հանրաքվեն չեղարկել»,-ասաց Հովակիմյանը:

Եվ այս որոշման նախագծով ԱԺ-ն ըստ էության որոշում է ուժը կորցրած ճանաչել փետրվարի 6-ին կայացրած իր որոշումը: 

«Իմ քայլը»-ից  Սուրեն Գրիգորյանը նշեց՝ շարունակում են պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: «Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է, բայց այն մարդիկ, որոնք հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում կամ ձևացնում են, թե տեղյակ չեն»,-ասաց պատգամավորը:

Նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան»  և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով: Ավելի ուշ ՝ հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Աննա Գրիգորյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am