Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով

Armenpress 12:16, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանն արտակարգ դրության պայմաններում վիրտուալ տիրույթում իրականացրել է քսանից ավելի միջոցառումների շարքեր՝ ամեն շաբաթ ներկայացնելով նորանոր նախաձեռնություններ: Այս շաբաթ գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում մեկնարկել է «Հայ գրատպության առաջնեկները»  շարքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանն ասաց, որ շարքը նախաձեռնել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժինը: «Հայ գրատպության առաջնեկները» շարքի շրջանակում նախ և առաջ ներկայացրել ենք տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը», այնուհետև կներկայացնենք առաջին տպագիր Աստվածաշունչը, տպագիր մաթեմատիկայի դասագիրքը և մի շարք այլ գրքեր, որոնք արժեք ունեն: Ներկայացվում են կարճ պատմություններ տվյալ գրքի ստեղծողի, ստեղծման մասին, դրա հետ կապված փաստեր, պատմություններ և այլն: Զետեղվելու են նաև տեսանյութեր, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ծանոթությունը նյութի հետ»,-պատմեց նա:

Գրադարանի վերոնշյալ բաժինը նախաձեռնելու է նաև «Հայտնի և անհայտ գրքեր» շարքը: Առաջիկայում գրադարանն անդրադառնալու է աշխարհի գրադարաններին, որտեղ հետաքրքիր կլինի այցելել: Այս նախաձեռնության հեղինակը գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինն է: Բաժինը շարունակում է նաև կինոցուցադրություններ կազմակերպել, առցանց ընթերցանություններ, անդրադառնալ գրքերի համալրումներին:

«Ակտիվ են նաև մեր գրադարանավարները՝ իրենց «Խորհուրդ են տալիս գրադարանավարները» շարքով: Գրադարանի արվեստի բաժինն էլ իրականացնում է «Ոչ  մի շաբաթ առանց արվեստի» ծրագիրը, իսկ  ամբողջ աշխատանքը կազմակերպում ու համակարգում է  մեր բաժինը»,- հայտնեց Սյուզան Չիչակյանն ու հավելեց, որ առցանց աշխատանքի ընթացքում գրադարանի հետևորդների քանակն ավելացել է 2 200-ով:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am