«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հրդեհների բռնկման  ռիսկայնությունը բարձրացել է

Armenpress 09:12, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունիսի 26-ին Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում բռնկված մեծ հրդեհը հերթական ահազանգն էր: Հրդեհի ծավալները եւ բարդությունն այնպիսին էին, որ շիջման աշխատանքներին ներգրավվել էին ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատներից 14 մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 6 փրկարարական խումբ՝ 120 փրկարար-ծառայողով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատման եւ շրջակա միավայրի» ՀՈԱԿ-ի 10  ջրատար մեքենա, աշխատակիցներ, ինչպես նաեւ քաղաքացիներ: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էին ԱԻՆ, ԿԳՄՍ նախարարները եւ Երեւանի քաղաքապետը: Այրվեց 21 հեկտար տարածք, որտեղ կային նաեւ նոր տնկված ծառեր: Բարեբախտաբար, կրակը չհասավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այս դեպքում էլ հրդեհի բռնկման պատճառը մարդածին էր:

Հրդեհն ահազանգեց Հայաստանում հրդեհների բռնկման վտանգի բարձրացման մասին, որն ավանդաբար արձանագրվում է ամռան շոգ ամիսներին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց ճնշող մեծամասնությունը մարդածին է: Այսօր հրդեհները դարձել են ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ մոլորակի բնապահպանական լրջագույն աղետներից մեկը, եւ համաշխարհային հանրությունն ավելի  ու ավելի շատ ռեսուրսներ է ներդնում հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի գործընթացներում:

Հակահրդեհային անվտանգության կանոններին հետեւելը շատ կարեւոր է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը պահպանելու համար: Մյուս կողմից էլ հանրապետության բարդ ռելիեֆը  ծայրահեղ դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, հետեւաբար, շատ կարեւոր է ընդհանրապես դրանց կանխարգելումը, իսկ դրա համար յուրաքանչյուրս ընդամենը պետք է պահպանենք հակահրդեհային անվտանգության կանոնները»:

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am