Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները

Armenpress 20:52, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 7-ին, սակայն կորոնավիրուսի տարածման հետևանքով տնօրենի ընտրություններ կազմակերպել չի հաջողվում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը՝ շեշտելով, որ մայիսի 7-ից հետո ակադեմիայի նախագահությունը որոշում ընդունեց  առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել տնօրենի ընտրությունները, բայց պարզվեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում դա անթույլատրելի է:

«Կարծում էինք՝ կարող ենք ընտրություններ անցկացնել, եթե մարդիկ սոցիալական հեռավորություն պահպանեն դահլիճում: Կարող էինք ժողովն անցկացնել հեռավար, իսկ քվերակրությունը՝ ինստիտուտի դահլիճում՝ պահպանելով անվտանգության կանոնները: Եթե արտակարգ դրությունը երկրում շարունակվի, մենք գրությամբ պետք է դիմենք պարետատուն և թույլտվություն խնդրենք ընտրությունների անցկացման համար»,-նշեց Դևրիկյանը:

Անդրադառնալով իր՝ տնօրենի պաշտոնում առաջադրվելուն՝ նա ասաց, որ տատանվել է որոշում կայացնելիս: «Մտածում էի միայն գիտական գործերով զբաղվել, բայց իրավիճակից հետո եկա մի եզրակացության, որ եթե ես չառաջադրվեմ, դա կարող է դավաճանություն լինել ինստիտուտի հանդեպ: Կան մի շարք խնդիրներ, որոնք պարտադրում են դա անել»,-շեշտեց Դևրիկյանն ու հավելեց, որ մինչև ընտրությունների իրականացման նախորդ օրը ցանկացողները կարող են առաջադրվել:

Նրա խոսքով՝ մինչև 65 տարեկան գիտությունների դոկտոր և գիտությունների թեկնածուները կարող են տնօրենի պաշտոնում առաջադրվելու հայտ ներկայացնել: Դևրիկյանը տեղեկացրեց, որ մինչ օրս Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից իրենից բացի ուրիշ ոչ ոք հայտ չի ներկայացրել:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am