ՄԱԿ-ում տարածվել է Ժնևի կոնվենցիաների արձանագրությունների  կատարման վերաբերյալ Արցախի զեկույցը

Armenpress 19:24, 29 Հունիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը (https://undocs.org/ru/A/74/871)՝ զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Զեկույցը նաև փոխանցվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցը ներառում է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ 1949 թ. Ժնևի չորս կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների (1977 թ.) դրույթներն ընդգրկելու, ինչպես նաև տեղեկատվություն՝ զինծառայողների շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ՝ պատերազմական իրավիճակում զինված ուժերի վարքականոնները միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով: Արցախի Հանրապետությունը միացել է վերը նշված կոնվենցիաներին   և արձանագրություններին 1993 թվականին՝ հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի որոշման հիման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am