Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը

Armenpress 18:38, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Հայաստան է ժամանել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար, կարծում է, որ դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը կարող են մեծ դերակատարություն ունենալ համավարակը հաղթահարելու գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փափազյանն ասաց հունիսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան և  սատարել մեր գործընկերներին: Պատիվ եմ ունեցել հանդիպելու մի շարք հայ բժիշկների, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն և այժմ ուժասպառ են»,-ասաց նա:

Փափազյանը կոչ արեց հասարակությանը պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք  շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում:  «Անհրաժեշտ է դիմակ կրել, ձեռքերը պարբերաբար ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ կանոնները կարող են մեզ փրկել և դուրս բերել այս իրավիճակից»,-շեշտեց բժիշկը:

Անդրադառնալով բժշկության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը՝ Փափազյանն ասաց, որ սա դեռ սկիզբն է: Նա հավելեց, որ մեծ սիրով է աշխատում հայաստանաբնակ բժիշկների հետ, կիսվում փորձով:

Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 110 571 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։  Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 433 (ավելացել է ևս 7-ով) դեպք:

Անժելա Համբարձումյան 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am