1000х90.jpg (78 KB)

Թուրքիան Լիբիայում կգնա՞ Եգիպտոսի հետ առճակատման

Armenpress 13:05, 25 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օտարերկրյա ուժերի շահերի հակընթացությամբ պայմանավորված՝ Լիբիայում ու դրա հիմնահարցի շուրջ լարվածությունը նկատելիորեն մեծանում է, ինչը բացառված չէ, որ հանգեցնի այդ ուժերի միջեւ բախումների։ Լիբիայում 2015-ից ի վեր երկիշխանություն է։

Խոշոր հաշվով երկրի արեւելքում՝ Տոբրուկ մայրաքաղաքով, իշխում են աշխարհիկ ուժերը՝ 2014 թ. խորհրդարանական ընտրությունների հիման վրա, որտեղ նշանակալից դեր ունի գեներալ Խալիֆա Հաֆթարը։ Իսկ արեւմուտքում՝ իսլամականները, մասնավորապես՝ «Մուսուլման եղբայրները», որոնց իշխանությունը հիմնված է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների հիման վրա։ Այն ղեկավարում է 2015 թ. ձեւավորված Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ ազգային համաձայնության կառավարությունը , որին ՄԱԿ-ը ճանաչել է որպես այդ երկրի օրինական իշխանություն։ 2019 թ. վերջերին արեւելք-արեւմուտք վերսկսված բախումներում Հաֆթարի ուժերը լուրջ հաջողություններ էին գրանցում։ Ավելին, ընթացիկ տարվա փետրվարին թեեւ մարտերին արդեն մասնակցում էին Սիրիայից տեղափոխված Թուրքիայի վարձկանները, սակայն, թիրախ դարձնելով Տրիպոլին, Հաֆթարի գլխավորած ուժերը մոտենում էին իրենց նպատակին՝ վերահսկել ողջ Լիբիան։ Տոբրուկին աջակցում են Եգիպտոսը, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Հունաստանը եւ այլն, իսկ Տրիպոլիին՝ Իտալիան, Թուրքիան ու Կատարը, որոնք ամենուր հովանավորում են «Մուսուլման եղբայրներին»։

Թուրքիան 2019 թ. նոյեմբերին Էրդողան-Սարաջ ստորագրված համաձայնագրի համաձայն՝ զինուժ ու հսկայական քանակի զինտեխնիկա է մատակարարել Տրպոլիին, որը տեղ է հասել արդեն մայիսին, դրան գումարած՝ Սիրիայի ներքին բախումներում կոփված նոր զինյալների է տեղափոխել Տրիպոլի, ինչի արդյունքում հունիսի բախումներում սկսեց առավելության հասնել Սարաջը։ Թուրքիան, անտեսելով միջազգային հորդորները՝ չաջակցել հակամարտության որեւէ կողմի, զենք չմատակարարել, ամենայն ակտիվությամբ մասնակցում ու աջակցում է Տրիպոլիին։ Ավելին, թուրքական ուժերն արդեն մասնակցում էին մարտերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույցում պահանջել էր «լարվածությունը անհապաղ թուլացնել» Լիբիայում։

Ստեղծված իրավիճակում հունիսի 20-ին Եգիպտոսի նախագահ Աբդուլ ֆաթահ Սիսին հայտարարել է, թե Եգիպտոսի ցանկացած միջամտություն Լիբիայում օրինական կլինի, դա լինի հանուն սեփական պաշտպանության, թե Լիբիայի ընտրված իշխանության՝ Լիբիայի ընտրյալ խորհրդարանի պահանջով, ինչի նպատակն իր երկրի սահմանների անվտանգությունն է, Լիբիայում կայունության ապահովումը եւ հրադադար հաստատելը։ Նա շեշտել է, որ Սիրաթ նավահանգստային քաղաքը եւ Լիբիայի կենտրոնում գտնվող ռազմաօդային «Ալ Ջաֆրա» բազան Կահիրեի կարմիր գծերն են։ Սա այն դեպքում, երբ թուրքական ուժերի աջակցությամբ Սարաջի կողմնակիցները շրջափակել են Սիրաթը, նույնիսկ վերահսկում են դրա որոշ հատվածներ։ Ալ Սիսին շեշտել է նաեւ, որ Եգիպտոսի անվտանգությունը սերտորեն կապված է տարածաշրջանի անվտանգության հետ, ուստի Կահիրեն նպատակամղված է վերջ դնել օտարերկրյա ուժերի ապօրնի միջամտությանը, որոնք սնուցում են Լիբիայի ահաբեկիչներին։ Նշենք, որ խոսքը վերաբերում է Թուրքիային, որի հետ Եգիպտոսի փոխհարաբերությունները լարված են։

Եգիպտոսի նախագահի դիրքորոշմանն ի պաշտպանություն, առաձին-առանձին հայտարարությամբ հանդես են եկել Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն։ Վերջինս այն գնահատել է որպես «անաղարտ արաբական տեսակետ»։ Բացի այդ, ԱՄՆ-ն եւս պաշտպանել է արաբական տեսակետը, որով նրանք իրենց անվտանգությունը կապում են տարածաշրջանի կայունության հետ եւ խիստ կարեւորում Լիբիայից օտարերկրյա ուժերի դուրս բերումը ու հարցը ներլիբիական ուժերի բանակցությամբ լուծելը։ Մինչդեռ Սարաջի կառավարությունը, Կահիրեին նախազգուշացնելով, Ալ Սիսիի հայտարարությունը գնահատել է որպես «Պատերազմ հայտարարել» ու կոպտորեն միջամտել Լիբիայի ներքին գործերին։ Հունիսի 21-ին Լիբիայի հիմնահարցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաեւ Ռուսաստանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սամեհ Շուքրին։ Այս առնչությամբ ռուսական կողմի հրապարակած հայտարարության մեջ շեշտվել է, թե կողմերը հանգել են այն եզրակացության, որ խնդիրը ռազմական լուծում չունի եւ լիբիական ուժերը պետք է անհապաղ նստեն բանակցային սեղանի շուրջ։

Նշենք, որ հունիսի սկզբներին Եգիպտոսն առաջարկել էր Լիբիայում հրադադար հայտարարել եւ ձեւավորել երկրի ղեկավարման ընտրյալ խորհուրդ, ինչն արժանացել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԱՄԷ-ի հավանությանը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, որը հաճախ Լիբիայի հարցում հանդես է գալիս «տանտիրոջ» իրավունքով, ապա հրադադարի առնչությամբ նախապայմաններ է առաջ քաշել՝ պահանջելով Հաֆթարի գլխավորած «ազգային բանակի» ուժերի դուրս բերումը ռազմավարական հույժ նշանակությամբ Սիրաթից եւ Ալ Ջաֆրայից, որոնք Եգիպտոսը իր կարմիր գծերն է համարում։ Միաժամանակ այդ երկրի բանակը բերվել է պատրաստության վիճակի։ Այլ կերպ ասած՝ եթե այլ լուծում չառաջարկվի, որն ընդունելի կլինի կողմերի համար, ապա բացառված չէ, որ այս անգամ Թուրքիան Լիբիայում բախումներ ունենա ոչ միայն Եգիպտոսի, այլեւ արաբական որոշ երկրների ուժերի հետ։

Եգիպտոսի առաջարկով Լիբիայի հիմնահարցի քննարկման առնչությամբ պետք է տեղի ունենար Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարների տեսահամաժողովը, որը սակայն հետաձգվել է։

 

Էմմա Բեգիջանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am