Մայիսին խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո Հայաստանում վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ

Armenpress 17:14, 23 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմը մայիսին հանելուց հետո վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք խիստ սահմանափակումների ռեժիմը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Այսօր մենք ՊԵԿ նախագահի հետ քննարկում էինք, որ աշխատատեղերի վերականգնման գործընթացը շարունակվում է, սա վերջին շրաջանի ամենակարևոր լուրն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստիպված չլինենք դարձյալ վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմի: 

«Պետք է պայմանավորվենք, որ խիստ սահմանափակումների ռեժիմի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, իսկ դրա համար պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները: Մայիսի տնտեսական տվյալները լավատեսություն են տալիս, որ բավականաչափ արագ կունենանք որոշակի վերականգնում: Առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերկանգնվում են, պետք է միասին այս տնտեսական տեմպը պահենք, կորցրածը հետ բերենք և եղածը զարգացնենք»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլին խիստ սահմանափակումների ռեժիմի ներդրման պատճառով Հայաստանում կորսվել էր 71471 աշխատատեղ:

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am