ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու երեք դատավորներ կփոխարինվեն

Armenpress 20:01, 22 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով:

Օրինագծի ընդունմամբ դադարեցվեց ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությանը վերբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին:

Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am