Հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացվեն օգոստոսին

Armenpress 09:01, 19 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գարնանը հանրակրթության դպրոցների հեռավար ուսուցումից դուրս մնացած երեխաների համար լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվի օգոստոսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Հասկանում ենք, որ այս երեխաները սեպտեմբերին կունենան դժվարություններ նոր նյութերի, նոր թեմաների յուրացման առումով: Եվ պետք է ամեն ինչ անել, որ ամառվա ընթացքում լրացուցիչ կրթական օժանդակություն ցուցաբերվի, որ երեխաները յուրացնեն բացթողնված թեմաները»,-ասաց նախարարի տեղակալը:  

Ներկայում մարզերից հավաքագրվում են տվյալներ, երեխաների խմբերն են ձևավորվում, որոնք պիտի մասնակցեն դասընթացներին: Նախատեսվում է դասընթացներն անցկացնել օգոստոսի առաջին շաբաթների ընթացքում: Այդ դասընթացները կլինեն հեռավար, թե ոչ՝ կախված է այդ ժամանակ երկրում համաճարակային իրավիճակից: Նույնիսկ համաճարակային պայմաններում` քննարկվում է դրա կազմակերպման հնարավորությունը՝ պահպանելով կանխարգելիչ միջոցները: 

«Իհարկե, մենք այս փուլում քննարկում ենք նաև սեպտեմբերից ուսումնական պրոցեսը սկսելու բոլոր սցենարները: Դիտարկում ենք նաև անհրաժեշտության դեպքում որոշակի խառը ուսուցման հնարավորությունը: Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ մենք ունենանք ամբողջական առկա ուսուցում: Ամեն դեպքում որևէ այլ իրավիճակի պարագայում հասկանում ենք, որ տարրական դասարանի դեպքում հեռավար դասընթացը ճիշտ չէ: Առաջին դասարանցիների պարագայում դա կարող է լինել ճակատագրական: Մենք կարող ենք տարբերակված մոտեցում ունենալ, օրինակ, քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երեխաների թիվը փոքր է և հնարավոր է պահպանել բոլոր կանոնները, ապա դասապրոցեսը կազմակերպվի դասարանում: Բոլոր տարբերակները քննարկվում են, որպեսզի կախված իրավիճակից, ուսումնական պորցեսը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ դպրոցները պատրաստելու տեսանկյունից մի քանի ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ունեն անելու: Նախ ուսուցիչների կարողությունների զարգացումն է: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ընթացքում արագացված դասընթացներ կազմակերպեցին, սակայն ուսուցիչների մի զգալի հատվածն ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ ինչ-որ հմտություններ դրսևորեց, զարգացրեց: 

«Բայց դրանք պետք է մեթոդապես, գործիքների իմաստով կարգավորված լինեն: Մենք ունենք  վերապատրաստումների կարիք: Նախատեսում ենք ուսուցիչների շրջանում վերապատրաստման գործընթաց սկսել հուլիսից: Հիմքում լինելու է և՛ գործիքներից օգտվելը, և՛ մանկավարժությունը: Դրանից բացի, մշակում ենք մեթոդական ուղեցույց: Մինչև սեպտեմբեր ամեն ինչ պետք է արված լինի: Մենք նախատեսում ենք, որ այդ դասընթացները հասանելի լինեն բոլոր ուսուցիչներին: Մեր խնդիրն է, հանրապետության բոլոր ուսուցիչների մոտ ձևավորել անհրաժեշտ հմտությունները: Քննարկում ենք նաև այն տարբերակը, որ ունենանք մենթոր ուսուցիչներ, որոնք կիրականացնեն այդ հմտությունների հավելյալ տարածումը: Խոսքն ուսումնական ամբողջական պրոցես կազմակերպելու մասին է, ոչ թե օրինակ Zoom հավելվածի, որը տեսահանդիպման հնարավորություն է տալիս: Այլ ծանոթ լինեն այնպիսի գործիքների, ինչպես, օրինակ, «google classroom»-ը, «Microsoft Teams»-ը, որոնք ավելի լայն հնարավորություններ ունեն»,-ասաց նա:   

 Հեռավար ուսուցման կրկին անհրաժեշտություն առաջանալու պարագայում խնդրիր է նաև տեխնիկական հագեցվածությունը: Նախարարի տեղակալը նշեց, որ երեխաների 15-20 տոկոսը տեխնիկական սարքերի անհասանելիության պատճառով չէր կարողանում մասնակցել պրոցեսին: Ներկայում քննարկում են կոնկրետ տարբերակներ, մի քանի մոտեցումներ մշակված են, սպասում են վերջնական համաձայնությունների, որ կարողանան վերջնական ընթացք տալ տեխնիկական հագեցվածության ապահովման հարցին: Մինչև սեպտեմբեր սա նույնպես կարգավորված կլինի: 

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am