Բակերում վարչական ազդեցության միջոցները կընդլայնվեն. վարչապետ

Armenpress 11:47, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վերջին օրվա ընթացքում 665 նոր դեպք է արձանագրվել: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառը հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չպահպանելն է: «Մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել: Գիտեք՝ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացին իր մոտ չունի փաստաթուղթ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, դրա համար նրան պետք է տանել բաժին, վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այս որոշումը կայացվել է, որ վարչական այդ լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ, եթե քաղաքացին դիմակ չի կրում, ոստիկանը պարզում է, որ նա չունի նաև փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարույթ, երկու տուգանք:

Այս պահին մենք ունենք համոզվածություն, որ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր պետական մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները ներդրել են պատշաճ ձևով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական այն մարմինները, որոնք քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, նրանք պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում` նաև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում: Պետք է վերահսկել, թե որքանով է դա կատարվում: Շատ կարևոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ կարգավորվեն հերթերը: Մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա դիտարկմամբ, վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները: Այստեղ, Փաշինյանի խոսքով, նույնպես պետք է մեծացնել վարչական ազդեցության միջոցները: Ձևավորվել են ոստիկանության ու այլ մարմինների համապատասխան կարգախմբեր, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am