Քաղաքապետարանը քննարկում է Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ բաց մանկապարտեզ թողնելու հարցը

Armenpress 18:58, 16 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության օրերին մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում միայն մեկ բաց մանկապարտեզ թողնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ քննարկումը կապված է մանկապարտեզներ այցելող երեխաների փոքր թվի հետ:

«Մանկապարտեզներ հաճախող 30500 երեխա ունենք, որոնցից այս պահին 1800-1900 երեխա է այցելում մանկապարտեզ: Արդեն քննարկվում է մանկապարտեզների բաց պահելու նպատակահարմարությունը և ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնելու հարցը»,- ասաց Մարությանը:

Հայաստանում հունիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 85 556 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 293 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 96 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am