1000х90.jpg (78 KB)

Տեխնոլոգիական ընկերություններում աշխատողների կրճատման միտում չի նկատվում

Armenpress 14:28, 9 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված` Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում հիմնականում տուժել են  աութսորսինգային ընկերությունները, որոնք ուղիղ աշխատում են հաճախորդների հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանն ասաց, որ որոշ չափով պարապուրդային իրավիճակ է նկատվում այս ընկերություններում: Նախարարի տեղակալը նշեց, որ կառավարության աջակցման ծրագրերով փորձ է արվում ընկերություններին դարձնել իրենց պրոդուկտի ստեղծողը, սեփականատերը ու դրանք առաջ մղողը:

Արդյո՞ք այս ընթացքում տեխնոլոգիական ընկերություններում նկատվում է աշխատատեղերի թվի կրճատում: Հարցին ի պատասխան՝ Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ առումով մեծ խնդիր չեն տեսնում:

«Աշխատեղերի կրճատման առումով չէի ասի, թե մեծ խնդիր ենք տեսնում այս պահի դրությամբ, քանի որ ընկերությունները բավական կարևորում են իրենց աշխատակիցներին: Տեխնոլոգիական աշխարհում ընկերությունների համար կարևոր արժեքը մարդկային ներգրավվածությունն է, հետևաբար, թեկուզ փոքր պարապուրդի պարագայում, չենք տեսնում մեծ խնդիրներ, որ ընկերությունները կրճատումներ անեն: Հակառակ դեպքում հետագայում բարդ կլինի ընկերությունների համար աշխատուժ ներգրավելը»,-ասաց նա:

Թե որքանով են ընկերություններն այս ընթացքում գնացել վերապրոֆիլավորվման, նոր տիպի արտադրանք մշակելուն, վերամասնագիտանալուն, դեռ պարզ չէ: Ստեփան Ծատուրյանի խոսքով՝ նախարարության առաջարկվող աջակցության ծրագրերի շրջանակում, երբ հայտերը ստացվեն, արդեն պարզ կերևա, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր ուղղվածություններ են նշմարել իրենց դաշտում:

«Տեխնոլոգիական ընկերությունները շեշտը դնում են վերլուծությունների վրա՝ հասկանալու, թե ինչ նոր գործիքակազմ պետք է ավելացվի ծառայություններում, որ ավելի շատ հաճախորդներ կարողնան ներգավել: Կարծում եմ՝ դա կտեսնենք մոտ մեկ ամսվա ընթացքում»,- հավելեց նախարարի տեղակալը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 3 ծրագրով ֆինանսական աջակցություն կտրամադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: Առաջին ծրագրով նախատեսված է մինչև 10 մլն դրամի չափով, երկրորդ ծրագրով մինչև 20 մլն, երրորդ ծրագրով մինչև 30 մլն դրամի չափով գումար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am