Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված

Armenpress 20:08, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստանալ լուսանկարներ, որոնք վկայում են հարյուրավոր մասնակիցներով տեղի ունեցող հուղարկավորության արարողությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ես զարմանում եմ: Ու դա արվում է այն պարագայում, երբ արդեն մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված: Սիրելի հայրենակիցներն հատել ենք այդ եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների հետ կապված իր՝ նախկինում հնչեցրած գնահատականը:

«Այդ հնչեցրած գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր վիճակում գտնվող երկրների կայացրած որոշումներին: Հակահամաճարակային շարժման կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի հակաքարոզչությունը չեզոքացնելը: Անհրաժեշտ է իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակամահամաճարակային քայլերում: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք: Թեկուզ  դժոխքի միջով քայլելով, մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից: Եվ դա կարող ենք անել հակամաճարակային կանոները պահպանելով և հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցելով, ընդհուպ չեզոքացնելով հակաքարոզչության բոլոր միջոցները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարող են արտակարգ դրության ռեժիմով վարչական որոշումներ կայացնել, սակայն այդ ճանապարհը չեն նախընտրում: Նիկոլ Փաշինյանը ցավալի է համարում այն, որ որոշ մարդիկ շարունակում են տարածել տեղեկություն այն մասին, որ չկա կորոնավիրուս և նման անհեթեթ մեկնաբանություններ:

«Կառավարությունն անում է երկու քայլ: Ուղիղ, անկեղծ, առանց որևէ նրբություն թաքցնելու, խոսել ժողովրդի հետ, ներկայացնել ճշմարտությունը: Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են մահճակալային տեղերն ավելացնելու համար»,-հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am