ԱԱԾ-ն նախորդ տարվա բյուջեից 400 մլն դրամի խնայողություն է կատարել

Armenpress 15:34, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 32,8 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 34,1 մլրդ դրամ: Փաստացի 33,7 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 98,7%-ը»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը հավելեց, որ ազգային անվտանգության միջոցառմանը հատկացվել է 30 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է գրեթե 99%:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am