1000х90.jpg (78 KB)

Մեկնարկել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը

Armenpress 12:29, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ. մայիսին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մեկնարկել է «Կայուն համայնքներ» նոր նախագիծը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի թիրախային մարզերն են Գեղարքունիք և Վայոց Ձոր սահմանամերձ բնակավայրերը։

«Կայուն համայնքներ» ծրագիրը կարևորում է այնպիսի համայնքների ստեղծումը, որտեղ առաջնահերթությունը տրվում է մարդուն, իր կարողությանը ծավալելու գործունեություն ի նպաստ անհատական և կոլեկտիվ կայունության, անվտանգության, սոցիալական, կենսական և տնտեսական զարգացման ու ընդլայման: 

Ծրագիրը հիմնաքարային է համարում համայնքներում պարենային անվտանգության ապահովումը։ Այդ նպատակով ստեղծվելու են բարձրորակ սերմերի և գյուղմթերքի շտեմարաններ՝ «Ֆուդ Բանկեր», հիմնվելու են գյուղմթերքի վերամշակման արտադրամասեր։ Շտեմարանները ստեղծվելու են՝ համայնքներին ապահովելու ինչպես բարձրորակ սերմացուով, այնպես էլ  պարենային պաշարներով, որոնք իրենց հերթին կնպաստեն համայնքների կայունությանն ու ինքնաբավությանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռեն դիմակայելու տարբեր մարտահրավերների: Ծրագրի նպատակն  է նաև նպաստել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը: 

Այս նպատակով ծրագրի առաջին փուլում իրականացվել է ավելի քան 60 հա գարնանացան գարու, կարտոֆիլի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանք, աշնանը նախատեսվում է աշնանացան ցորենի ցանք։ Արդյունքում շտեմարանային ֆոնդը կստանա 300  և ավելի տոննա սերմացու։

Առաջին շտեմարանները ստեղծվելու են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում։ 

ՄԱԶԾ-ն  ծրագրի   շրջանակներում համագործակցում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am