Պարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը

Armenpress 20:38, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Հայաստանի պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին:

Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է»,- գրել է նա։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am