Հակահամաճարակային կանոնները խախտողների նկատմամբ ատելության խոսքն անընդունելի է. վարչապետ

Armenpress 19:42, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրֆինգի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։ «Երկու օր գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որի բերած տեղեկատվությունը ցույց է տալիս, թե ինչու է տեղի ունենում այս ամենը։ Պատասխանը միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների զանգվածային չպահպանումն է։ Արդեն հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իմ ֆեյսբուքյան էջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Կառավարության ղելավարի խոսքով՝ այդ ամենի արդյունքում նկատվում է մի մտահոգիչ միտում։ «Հանրային վերահսկողության հարթակում հրապարակվող տեղեկատվությունը ատելության, քննադատության խոսքի առիթ է դառնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնց մասին կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում։ Սա անընդունելի է մի պարզ պատճառով, որովհետև այս պատմությունը մեր բոլորի մասին է։ Ցավոք, ինքս էլ վարակվել եմ վիրուսով, հետևաբար ինչ որ մի տեղ ինչ որ մի բան այնպես չեմ արել։

Այս հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց մեղադրելու համար է, այլ խնդիրը հնարավորինս խորը հասկանալու։ Ինքս անձամբ նայում եմ այդ տրամաբանության մեջ, որ մեզնից շատերը եղել են այդ իրավիճակում։ Երբ տեսնում եմ ընդհատակյա Վերջին զանգ կազմակերպած տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ է սխալ արել կառավարությունը։ Շատերը կասեին, որ եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրենները, դատավորները, պաշտոնյաներն ազատված լինեին, այսպես չէր լինի, բայց սա կասկածելի ճանապարհ է, որովհետև այս տրամաբանությամբ կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, գործունեությունը սկսած վաճառողներին և ի վերջո նախորդների ժամանակ ապրած մադկանց՝ մեզ բոլորիս»,- ասաց Փաշինյանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am