Լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի անհատական ցուցահանդեսը Գերմանիայում

Armenpress 14:33, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երիտասարդ լուսանկարիչ Սոնա Անդրեասյանը, որը մի քանի ամիս է ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում, իր յուրահատուկ աշխատանքներն է ներկայացնում «T66 Kulturwerk» ցուցասրահում կազմակերպված «Մինչդեռ, միջև» անհատական ցուցահանդեսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 ստեղծագործություն է ցուցադրվում:

Մի քանի տարի է՝ Անդրեասյանն աշխատում է լուսանկարչության ալտերնատիվ տպագրության տեխնիկաներից մեկով, որը հայտնի է «գումիարաբիկով տպագրություն» անվանմամբ: Սա արաբական խեժի, բիխրոմատի և թղթի մակերևույթին եղած գույնի համադրությամբ արվող տպագրություն է, որը ձևավորվել է 19-րդ դարում և համարվում է ամենահին տպագական տեխնիկաներից մեկն աշխարհում: Վերջին տարինեին այս յուրահատուկ տպագրական մեթոդն է կիրառել ու զարգացրել արվեստագետը:

Տպագրության այս եղանակը, սակայն, ընդունված չէ կիրառել Գերմանիայում, քանի որ բիխրոմատը խիստ թունավոր նյութերի շարքին է դասված: Բիխրոմատի օգտագործումն այս երկրում խստորեն սահմանափակված է, ինչի պատճառով արվեստագետը սեփական ստեղծագործական մեթոդով աշխատելու հնարավորություն չի ունեցել:

Անդրեասյանի աշխատանքը ներկերով, սննդի բաղադրիչներով, ջրով, ալկոհոլով, նատրիումի հիդրոկարբոնատով և ֆոտոնեգատիվներով արված որձարարություն է: Սկզբում այդ փորձարարությունները պարզապես խաղ էին, սակայն ժամանակի ընթացքում վերածվեցին նոր գույների, նոր պատկերների, որոնք իրենց հերթին նոր կառուցվածքներ բերեցին:

Պարզ չի եղել՝ արդյունքը լավն էր, թե ոչ: «Մինչդեռ, միջև» նախագիծն օրինակ է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ պայմանները, օրենքը արվեստի գործի ստեղծման վրա:

Սոնա Անդրեասյանը Գերմանիայում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի Քաղաքապետարանի միջև մեկնարկած «Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am