Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր իսկ հեղինակած նախագիծը

Armenpress 11:47, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս Զեյնալյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

«Կառավարությունը ընդհանուր առմամբ գաղափարին և մոտեցմանը դեմ չէ, սակայն ընդհանուր կոնսենսուսի եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որ կարողանանք որոշակի հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ անել: Կառավարության այդ առաջարկն ինձ համար ընդունելի է: Թեև հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ես հիմա կառաջարկեմ, որ դեմ քվեարկենք, և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագիծը տեղափոխենք առաջարկությունների ներկայացման փուլ, մեկ շաբաթ կամ 10 օր դադար վերցնենք, որ կարողանանք նաև կանխատեսումներն ունենալ, հիմնավորումները հստակեցնել»,-ասաց Զեյնալյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ շատ ճիշտ նախագիծ է: «Հիմա հասկանում եմ, որ կամ կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից փոխվել է համաձայնությունը, և նախագիծը հետ է  տարվում: Որքանով ես հասկանում եմ՝ այն կարող է ընդհանրապես չընդունվել»,-ասաց նա ու հետաքրքրվեց պատճառով:

Պատգամավորն արձագանքեց՝ կառավարությանը համոզել-չհամոզելու խնդիր չկա: «Գաղափարը կառավարության համար ընդունելի է եղել: Որոշ հոդվածներ համատեղ են քննարկվել և մշակվել, ընդամենը որոշակի կանխատեսություն կատարելու մեջ է հարցը, թե ապագայում որքան նման դեպքեր կունենանք, և կորոնավիրուսը որքան կձգվի»,-ասաց Զեյնալյանն ու վստահեցրեց՝ խոսքը նախագիծը շրջանառությունից հանելու մասին չէ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ բովանդակային իմաստով նախագծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: «Եվ, եթե այդ հարցերը փորձենք մի նախադասությամբ ձևակերպել, ապա դա հետևյալն է՝ առկա են նախագծի կապակցությամբ ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ: Եվ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում լրացուցիչ վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարել, որպեսզի որոշակի ֆինանսական կանխատեսելիություն ապահովենք»,-ասաց նա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվվել էր ԱԺ հունիսի 3-ի նիստում:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am