Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում. Փաշինյան 

Armenpress 11:45, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրենից կախվածն անի համաճարակի տարածումը կանխելու համար: Առաջինը՝ ինքը ճշգրտորեն պետք է պահի հակահամաճարակային կանոնները, երկրորդ՝ ուրիշներից պահանջի կանոնների պահպանում, երրորդ՝ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցիալական ցանցի իր էջում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արդեն իսկ ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետևելու է սոցիալական ցանցերում արվող ահազանգերին:

Հունիսի 4-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11 հազար 221 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 176 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 68 է:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am