Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին

Armenpress 10:10, 4 Հունիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հեռագրում ասված է.

«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով ականավոր գրող, հրապարակախոս, լրագրող, մտավորական ու քաղաքացի Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան բոթը:

Մաքսիմ Հովհաննիսյանն իր շոշափելի ավանդն է ունեցել Արցախյան շարժման կազմակերպման պատասխանատու գործում. նա արցախահայության հույզերն ու ձգտումներն էր արտահայտում մեզ համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցում ու զորակցում եմ հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին:

Մեծ մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am