ԱԺ-ն հավանության արժանացրեց ռազմարդյունաբերական համալիրին առնչվող կառավարության նախագիծը

Armenpress 18:02, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հստակեցվում են ռազմարդյունաբերական համալիրին առնչվող մի շարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով:

Կառավարության նախագիծը ներկայացնելիս, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն փոխանցվել է Բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները նույնպես փոխանցվել են նախարարությանը:

«Ներկայացված նախագծերով նախատեսվում է հստակ տարանջատել և սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի և ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները: Նաև պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն իրականացնել Պաշտպանության նախարարության զորավարժարաններում»,- ասաց փոխնախարարը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության էր արժանացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am