1000х90.jpg (78 KB)

Վարչապետը կատաստրոֆիկ է որակել խախտումները, խիստ խոսակցություն ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ

Armenpress 14:35, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարբեր հատվածներից հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի կողմից ուղարկված նամակները դիտելուց հետո եկել է այն եզրակացության, որ խնդիրը մասշտաբային է, և աշխարհում չկա ուժային կառույց ու վարչական համակարգ, որը կարող է լուծել այս խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ ունեցել է խիստ խոսակցություն՝ խնդրի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։

«Նրանք, ովքեր իմ էջին հետևում են, տեսնում են, թե ինչ է կատարվում։ Գիտեք՝ այս ամեն ինչին հետևելով և այս ամեն ինչի մասշտաբը հասկանալով, գալիս եմ մի եզրակացության, որ աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց և վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարցը կարողանա լուծել։ Այն, ինչ տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ»,- ասել է Փաշինյանը։

Երկրի ղեկավարի կարծիքով՝ ոստիկանությունը պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, որ կարողանա նման մասշտաբի խնդիրը լուծել, այլն էլ դեռ հարց է՝ կկարողանա՞ արդյոք։

Վարչապետի խոսքով՝ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, որովհետև այս տեմպը մեկ օրում հնարավոր չէ կանգնեցնել։ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին փոխել վերաբերմունքը կանոնի նկատմամբ, օրենքի նկատմամբ, դիմացինի անվտանգության նկատմամբ, անծանոթ մարդու շահերի նկատմամբ։

«Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատու, բայց դրանից բա՞ն է փոխվում, լա՞վ է այն մահացող մարդկանց հարազատների համար, ավելի թեթև՞ է, թե ով է պատասխանատու․․․

Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության հետ կապված՝ մեր խնդիրն է, ես դրանով կզբաղվեմ անձամբ, բայց ես խոսում եմ մեզնից յուրաքանչյուրի մասին։ 

Դպրոցներում ինչ է կատարվում՝ դպրոցների տնօրենները, դասղեկները, ուսուցիչները ․․․ բանկերը, շուկաները, «Հայփոստը»․․․ Սա հասկանում եք մասշտաբային խնդիր է, սա կազմակերպչական խնդիր չի, կամ եթե նույնիսկ կազմակերպչական խնդիր է, առանձին վերցրած կառույցը՝ նույնիսկ Կառավարությունը ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը, եթե այս խնդիրը մեզնից յուրաքանչյուրը իրենը չի համարում։   Այո, ես վարակվել եմ կորոնավիրուսով, ես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, երևի մի քիչ ավելի վատն եմ, բայց դրանից ինչ։ Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս ընդունենք, մեկ քայլ հետ անենք անդունդ տանող այս ճանապարհից։ Սա է իմ ուղերձը»,- ընդգծել է Փաշինյանը։

Ըստ երկրի ղեկավարի՝ սա չի նշանակում, որ ոստիկանությունն իր գործողությունը պետք է թուլացնի․ «Հիմա օրը երեք անգամ եմ այս թեմայով խորհրդակցություն ունենում՝ ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, պարետի և տեսչական մարմինների գրասենյակների ղեկավարների հետ, բայց ասում եմ, որ չկա այդպիսի ուժային կառույց, որը այս հարցը կարողանա լուծել, եթե քաղաքացու մեջ չի այդ ուղերձը»։

Փաշինյանն այս խնդրում էլի հնարավորություն է տեսնում, որ իրոք Հայաստանը դառնա օրենքի երկիր։

«Ապօրինությունն այնքան խորն է մտած մեր մեջ. պետք է այս կորոնավիրուսի հետ հանենք դա։ Ժողովուրդ ջան խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում և սիրում եմ ձեզ բոլորիդ։ Սա մեր ընդհանուր խնդիրն է և իրար հետ պետք է լուծենք այս խնդիրը»,- եզրափակել է վարչապետը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am