ԲՀԿ-ական պատգամավորը կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի վերաբերալ հրատապ քննարկման կարիք է տեսնում

Armenpress 14:31, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գործադիրին առաջարկում է հրավիրել՝ քննարկելու կորոնաիրուսի ստեղծած իրավիճակը, նա հակաճգնաժամային համակարգը վերանայելու կարիք է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին խոսեց ԱԺ հունիսի 3-ի նիստում:

Պատգամավորը նշեց՝ վերջին ցուցանիշները երկրում ստեղծել են բարդագույն իրավիճակ: «Պետք է արձանագրենք, որ մենք գտնվում ենք վատատեսական սցենարի մեջ: Եվ, եթե վատատեսական սցենարի մեջ ենք, խորհրդարանը պետք է արտահերթ հավաքվի, քննարկի՝ բաց ենք անում, թե փակում ենք: Ես ուզում եմ հարցադում անել՝ բոլոր նախարարությունները իրենց գործունեությունը կատարո՞ւմ են գերազանց: Եթե կատարում են գերազանց, ուրեմն սցենարն է սխալ, եթե բացթողումներ ունեն, ուրեմն դրանց պատասխանատվության հարցը պետք է քննարկենք»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավորի կարծիքով՝ կառավարման հակաճգնաժամային համակարգը  պետք է վերանայել: Նրա կարծիքով՝ պետք է շատ կոնկրետ, հրատապ քայլեր կատարել:

«Ես ԱԺ նախագահին դիմում եմ, որ հրատապ բոլոր խմբակցություններին խորհրդակցություն հրավիրի, կանչենք գործադիրին՝ հասկանանք, թե ով ինչ չի անում»,-ասաց նա:

Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3 454-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  61 650 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 դեպք: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am