Կասֆալտապատվի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցը

Armenpress 13:52, 3 Հունիս, 2020

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել  Գավառ համայնքից ներկայացված սուբվենցիոն 6 ծրագրային հայտեր, որոնցից մեկն էլ  «Գավառ համայնքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ»  ծրագիրն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւև վերլուծության  բաժնից, նախնական հաշվարկներով  նախատեսված է ծախսել 307 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է 1100 մետր, որից այս ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 800 գծամետրը՝ այնքան, որքան որ բավարարում է համայնքապետարանի այս տարվա բյուջետային հատկացումը՝ սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար: «Ըստ այդմ՝ շինարարության նախագծանախահաշվային արժեքը կազմում է 224 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 134 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 89 միլիոն 600 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Փողոցը հիմնանորոգման չի ենթարկվել տասնամյակներ շարունակ, չափից դուրս անբարեկարգ է եւ տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի: Բուռնազյան փողոցում են գտնվում թաղամասի մանկապարտեզը, ավտոդպրոցը եւ թիվ 2 նորակառույց միջնակարգ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք ուսումնական տարվա սկզբից: Կենսական կարեւոր նշանակության խնդիր է լուծվում Հացառատ թաղամասի բնակչության համար: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am