«Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 36 դեպք է հաստատվել

Armenpress 11:48, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հաստատվել է կորոնավիրուսի 36 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով հունիսի 2-ի իր էջում տեղադրված լուսանկարը, որում երևում էր, թե ինչպես են ֆաբրիկայի աշխատակիցները գերբեռնված ավտոբուսով տուն գնում:

«Գլորիա»-ում արդեն 36 հաստատված դեպք կա: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են: Ի՞նչ անենք, ծեծե՞նք, ինչի՞ համար, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվու՞մ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների առողջությանը՝ Փաշինյանը նշեց, որ դեռևս ասիմպտոմ են: «Ճիշտ է, երաշխիք չկա, ցանկացած հաջորդ պահի համար, քանի որ ասում են, որ անկանխատեսելի ընթացք է ունենում»,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ քանի որ ասիմպտոմ են, կարող էին չհայտարարել, որ իրենց ախտորոշումը դրական է, որ մեղավորության ապացույցը թաքցնեին, սակայն չեն թաքցնում: «Այո, մեղավոր ենք: Ես, որ վարակվել եմ, ինչ-որ բան այնպես չեմ արել: Եվ ի՞նչ, նշանակում է, որ բոլորս պետք է վարակվե՞նք »,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ առողջապահության համակարգը արել է և անում է մաքսիմումը: Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրենց ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր լինել, որքան երեխաների նկատմամբ: «Հավատում եմ, որ իրար հետ կարող ենք լուծել այս հարցը: Մեկ մարդու հարց է, ընդամենը մեկ մարդ պետք է լուրջ վերաբերվի այս ամեն ինչին, և այդ մեկ մարդը դու ես»,-եզրափակեց վարչապետը:

Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր «Գլորիա»  ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի նկարը։ Լուսանկարին կից նա գրել էր. «Ահա ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»:

Աննա Գրիգորան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am