Նարեկ Հախնազարյանն առցանց հարթակում աշխարհի երեխաներին նվիրել է Չայկովսկու երկերից մեկը

Armenpress 11:40, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մի փոքր ուշացումով՝ հունիսի 2-ին, շնորհավորել է աշխարի բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ և նրանց է նվիրել ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հախնազարյանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ավստրալիայի, մի խոսքով՝ ամբողջ աշխարհի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ: Ես ցանկանում էի այս տեսանյութը երեկ հրապարակել, բայց տեխնիկական պատճառներով չստացվեց: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, իմաստուն և ապրեք խաղաղ երկնքի տակ: Համոզված եմ, որ նման դեպքում կարող եք ինքնուրույն հասնել ձեր բոլոր նպատակներին»,- նշում է Հախնազարյանն ու հիշեցնում, որ այս տարի Չայկովսկու հոբելյանն է, ուստի կատարելու է հենց նրա ստեղծագործություններից մեկը:

Հախնազարյանն ընդգծում է, որ նվագելու է երեք երաժշտի հետ, որոնց բոլորը լավ են ճանաչում: Տեսանյութը դիտելիս պարզվում է՝ երեքն էլ ինքն է՝ Նարեկ Հախնազարյանը:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am