1000х90.jpg (78 KB)

Գիտական աստիճանով իրավաբանների համար դատավոր դառնալը հեշտացնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Armenpress 11:17, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 109 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am